Նաւասարդ-Նոր Տարի

navasart

Ամանոր- Մարտիրոս Սարեան

Հրանոյշ Խառատեան գրած է.

Ով տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն նաւասարդի,
Զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց,
Մենք փող հարեաք եւ զթմբկի հարկանեաք
Որպէս օրէն է թագաւորաց:

Այս սքանչելի բանաստեղծութիւն-երգը, որում ուղղակի ղօղանջում է «Նաւասարդի» կարօտը, նուիրուած էր այն տօնին, որ հեթանոս հայերը նշում էին Նաւասարդ ամսի (համապատասխանում է Օգոստոսին) ամառային օրերին, որպէս Նոր տարի: Հնագոյն տեղեկութիւնները հաւաստում են, որ այդ վաղնջական ժամանակներում Նաւասարդին նոր տարին նշուել է մեծագոյն շուքով, զուարճահանդէսներով, ձիարշաւներով, բազմապիսի խաղերով, որոնց մասնակցում էին թէ՛ հայոց թագաւորը, թէ՛ ազատանին, թէ՛ ռամիկը: Տօնահանդէսները տեւել են օրեր շարունակ, դրանց ընթացքում կատարուել են զոհաբերութիւններ, կազմակերպուել խրախճանքներ՝ երգ ու պարի ուղեկցութեամբ, թատերախաղեր: Դրանք գլխաւորապէս բացօթեայ, յաճախ՝ գիշերային խարոյկների շուրջ կազմակերպուող հանդէսներ էին ուխտավայրերում, սպորտային եւ զուարճախաղեր, երգ ու պարի հանդէսներ, զոհաբերութիւններ, խրախճանք: Մեծաթիւ ուխտաւորներ են հաւաքուել յատկապէս Բագրեւանդ գաւառի Բագաւան աւանում, որտեղ տօնը նշելու են գնացել հայոց արքունիքն ու ազատանին, եւ որտեղ գտնւում էին հայ ժողովրդի պաշտելի աստուածութիւններին, այդ թւում հայոց մեծազօր աստուածուհուն՝ Անահիտին նուի-րուած տաճարները: Այս շատ սիրուած տօնի շուրջ ժամանակին բազմաթիւ աւանդազրոյցներ են պատմուել, իբրեւ թէ մեր նախահայր Հայկը Բելին յաղթել է հենց նաւասարդին եւ այդ օրուանից պէտք է սկսել հայ ժողովրդի պատմութեան սկիզբը: Պատմում էին նաեւ, որ այդ օրը Նոյեան տապանի՝ Արարատի գագաթին իջնելու եւ ջրհեղեղից մարդկութեան փրկութեան օրն էր, եւ Նաւասարդին նշուող նոր տարուայ տօնը պարբերաբար վերահաստատում էր մարդկութեան նոր պատմութեան սկիզբը:

Քրիստոնեութիւնը Հայաստանում պաշտօնապէս ընդունուելուց յետոյ հեթանոսական շրջանից եկող ազգային միւս տօների շարքում նոր տարին նոյնպէս պաշտօնապէս վերափոխուեց: Գրիգոր Լուսաւորիչը նաւասարդին նշուող այս շքեղ տօնը փոխարինեց Ս. Յովհան Կարապետին նուիրուած տօնով: Արգելուեցին Բագաւանի ուխտագնացութիւնները, տօնական զուարճահանդէսները, զոհաբերութիւնները եւ այլն, քանդուեցին հեթանոսական աստուածութիւններին նուիրուած տաճարները: Տօնական ծիսաշարը պահպանուեց Յուլիսին նշուող Վարդավառում, մասամբ՝ Օգոստոսին նշուող Վերափոխման տօնում, սակայն բուն տօնը, արդէն Նաւասարդ անունով, շարունակեց ապրել: Այն չընդգրկուեց որեւէ տօնացոյցի մէջ՝ ո՛չ եկեղեցական, ո՛չ քաղաքացիական:

Նաւասարդ ամսից այն «վտարուեց» պաշտօնապէս, բայց նոր տարուն բնորոշ արարողակարգով ու Նաւասարդի տօն անունով հարիւրամեակներ շարունակ նշւում էր Նոյեմբերի 10ին յաջորդող Կիրակի օրը:

Նաւասարդի տօնակատարութիւնը 19րդ դարի վերջին, անշուշտ, շատ էր տարբերւում մեր նախնիների նաւասարդ-Օգոստոսին նշուող Նոր տարուց, երբ «փողեր ու թմբուկներ էին խփւում» յատուկ ուխտավայրերում հաւաքուած ուխտաւորների կողմից, զուարճանում էին արքունիքն ու գիւղացիները: Նաւասարդին այլեւս ուխտավայրեր չէին գնում, տօնը նշում էին տանը, ընտանիքով, ազգականներով: Սակայն մարդիկ նախապատրաստւում էին տօնին հոգեբանօրէն, ջանում էին մոռանալ վիրաւորանքները, վճարել պարտքերը, մաքուր խղճով դիմաւորել տօնը: Շաբաթ օրը խմորեղէններ էին թխւում (գաթա, նազուկ, բիշի): Երեկոյեան սովորաբար ընթրիք չէր լինում, սակայն սեղանը զարդարւում էր այդ տօնը խորհրդանշող ուտեստով՝ թարմ ու չոր մրգեղէնով, ընդեղէններով, թխուածքներով, որի շուրջ հաւաքուած ընտանիքը, հանդարտ զրուցելով, սպասում էին այցելուներին: Իսկ այցելուները շատ որոշակի էին՝ խնամիական կապերով կապուած ազգականները: Այդ գիշեր նշանուած աղջիկները ընկոյզ, չամիչ, չոր ու թարմ մրգեր, փեսացուի ընտանիքի անդամների համար մէկական զոյգ գուլպայ մի գլխաշորի մէջ ծրարած զգուշօրէն մօտենում էին փեսացուի տանը եւ բաց երդիկից լուռ իջեցնում տօնական այդ նուէրը: Տնեցիներն իրար էին խառնւում, դուրս թռչում տնից եւ ջանում բռնել փախչող հարսնացուին: Եթէ յաջողւում էր՝ տուն էին բերում, հիւրասիրում եւ որեւէ նուէրով ճանապարհում: Հարսնացուի ընտանիքից այդպիսի այցելութիւններ յաճախ արւում էին նաեւ փեսացուի մերձաւոր ազգականների տները: Առհասարակ այդ գիշեր բարեկամների երդիկից ընդեղէններ ու մրգեր, երբեմն նաեւ հաւերի, խնձորների, գաթաների շարաններ գցելը ընդունուած սովորութիւն էր: Այդ նոյն գիշեր 10-12 տարեկան տղաների խմբերը շրջում էին գիւղում, երդիկներից դատարկ գուլպայ իջեցնում եւ տօնական երգեր երգելով՝ տօնական մթերք պահանջում: Նախիջեւանում, օրինակ, երգում էին.
Ակլը մարեմ, մարեմ,
Ձեր տղայի սօլը կ՛արեմ,
Չամիչ տուէք՝ ատամներս շարեմ,
Ընկոյզ տուէք՝ ճակտիս դնեմ,
Նուշ տուէք՝ պորտս ոլորեմ:
Սրան շատ նման էր Սալմաստւմ երգուող տարբերակը.
Ակլէ մարեմ, մարեմ, մարեմ,
Ձեր տղայի սօլը կ՛արեմ,
Չամիչ տուէք՝ ատամներս շարեմ,
Ընկոյզ տուէք՝ գլուխս ճարթեմ,
Փշատ տուէք՝ փորս լարեմ,
Շաքար տուէք՝ չայ խմեմ,
Պնդուկ տուէք՝ սիրտս ուզելի,
Կարկատ տուէք՝ փորս լցնեմ
Քէօխուայ տանտէր, մի՝ խնայի,
Աստուած ձեր հարսն ու փեսան պախի:

Եւ տանտէրերը, իրօք, չէին խնայում, գուլպան լցնում էին սեղանի բոլոր բարիքներից, թէեւ այցելող տղաների թիւն երբեմն անցնում էր մէկ տասնեակից: Չէին մոռացւում նաեւ անասունները: Այդ օրը գոմը մաքրւում էր յատուկ խնամքով, յարդ էր փռւում եւ յարդի վրայ առատօրէն գարի էին շաղ տալիս, իսկ կովերի պոչերին կարմիր թել էին կապում, որպէսզի առաջիկայ տարին «առատ ու կարմիր օրերով անցներ», կարմիր շոր էին կապում դռան վրայ: Իսկ տանը այդ ընթացքում պատրաստւում էր տօնի գլխաւոր, ծիսական ուտելիքը՝ «կորկոտը» կամ «քեաշկան», Երեւանի շրջակայքում ու Նախիջեւանում՝ «հարիսան»: Խոր կաթսայի մէջ շերտընդմէջ դասաւորում էին ծեծած ու տաք ջրով լուացած ցորենը, նոր մորթուած անասունի (տաւար, խոզ, ոչխար, այծ) մսի իւղոտ կտորները, խուփը ծածկում եւ դնում թոնիրը մարմանդ կրակի վրայ: Հարիսա/քեաշկան եփւում էր ողջ գիշեր: Այս ճաշատեսակին շերեփ պիտի չդիպչէր, Նաւասարդի տօնական ճաշը եփւում էր առանց խառնուելու, որպէսզի տարին յստակ, առանց խժդժութիւնների անցնէր: Այս ուտելիքն այնքան զօրաւոր էր, որ անմաքուր խղճով մարդն անարժան էր համարւում այն ուտելու: Գիշերը շատերը չէին քնում: Պարսկահայոց մէջ, ինչպէս վկայում է Րաֆֆին, «Նաւասարդի վերջին գիշերում ամենեւին չեն քնում եւ ոչ էլ իրանց փոքրիկ երեխաներին թոյլ են տալիս, որ քնեն, կամ միայնակ տանից դուրս գան մութի մէջ: Մայրերը կամ հայրերը ամբողջ գիշերը արթուն են պահում բոլոր ընտանիքը տեսակ-տեսակ մրգեղէններ, մանաւանդ ձմերուկ եւ խարբուզակ ուտեցնելով որովհետեւ Խլվլիկը, որ նոյն գիշեր ման է գալիս երդիկի վրայ, գողանալու էր երեխաներին»: Խլվլիկը ըստ այդ պատկերացումների դեւ է, որի մարմնի մեջ ասեղ խրելու դէպքում դառնում է խիստ հնազանդ տան ծառայող, բայց մինչ այդ անորսալի է եւ բազում չարիքներ է պատճառում մարդկանց ու նրանց կենդանիներին: Ուրիշ շրջաններում գիշերային արթնութիւնը տօնական յուզականութիւն ունէր:

Առաւօտեան կողմ, դեռ լոյսը չբացուած, բոլոր տներում վառւում էին լոյսերը, սեղանին էր դրւում բուրումնաւէտ հարիսան, ընտանիքը բոլորում էր սեղանի շուրջ: Տան աւագը շնորհաւորում էր Նոր տարին եւ սկսւում էր սրբազան հարիսայի ճաշակումը: Տօնական ճաշատեսակի հետ հաղորդակցումն այնքան անհրաժեշտ էր, որ իւղառատ հեղուկը քսում էին նոյնիսկ նորածին մանուկների շրթունքներին: Արեւը ծագելիս՝ ընտանիքն արդէն զուգուած էր տօնականօրէն, եւ նրա անդամների մի մասն պատրաստւում էր տօնական այցելութիւններն սկսելու, միւսներն՝ այցելուներին դիմաւորելու: Անչափահաս երեխաների գրպաններն ու ծոցերը լցնում էին չոր մրգեղէն, ընկոյզ, քաղցրաւենիք, երիտասարդները վերցնում էին չիր ու չամիչով, խաշած հաւերով ու խմորեղէնով լեցուն մատուցարանները: Այցելում էին նախ այդ տարի ննջեցեալ ունեցած բարեկամների ընտանիքները, նորապսակներին: Զանգեզուրում առաւօտեան միմեանց ուղարկուող մրգեղէնով լի մատուցարանները «լուս» էին կոչւում, եւ այդ «լուսերը» ազգականների տներում կուտակւում էին տասնեակներով: Զոքանչները այցելուներ էին ուղարկում փեսաներին, վերջիններս՝ կնոջ ընտանիքը: Փողոցում միմեանց հանդիպողները համբուրւում էին «քաղցր պառաւես Նաւասարդի պէս, շնորհաւոր Նոր տարի, որդով, դստրով բարով մէկ էլ էս օր հասնես» բարեմաղթութիւններով:

Տանտէրերը եկող հիւրերի գլխին չիր ու չամիչ էին շաղ տալիս՝ առատութեան բարեմաղթութիւններով, իսկ վերջիններս, մատուցարանը տանտիրուհուն յանձնելով՝ շնորհաւորում էին Նոր տարին, նոյնպէս առատ տարի մաղթում:

Առաւօտից սկսած միջոցներ էին ձեռք առնում տարուայ առատութիւնն ու յաջողութիւնը ապահովելու: Մի կտոր կարմիր շոր էին գցում դռան վրայ, որպէսզի տարին «կարմիր օրերով» անցնէր, կժերը ջրով լցնում էին, առհասարակ աշխատում էին դատարկ ձեռքով տուն չմտնել: Ուշադիր հետեւում էին, որ սեղանին դատարկ աման չմնար, կժերի ջուրը լրիւ չվերջանար, վստահ, որ լիքը ամանները լիքը ու բարեբախտ տարի կ՛ապահովեն: Վաղ առաւօտեան հոգ էին տանում նաեւ անասունների ու հանդերի մասին, առատ կեր տալիս անասուններին, ցորեն ու գարի շաղ տալիս դաշտերում: Նոյն ակնկալութեամբ տուն մտած հիւրերին դատարկ ձեռքով բաց չէին թողնում, քաղցրաւենիք էին լցնում գրպանները, որեւէ նուէր (գուլպայ, գլխաշոր, թաշկինակ) էին տալիս մտերիմներին:

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS