4 Ոսկի, 5 Արծաթ եւ 1 Պրոնզ Մետալ՝ Բռնցքամարտի Աւագ Տարիքի Պատանիներու Աշխարհի Առաջնութենէն

Այլեւայլ, Աշխարհ, Հայաստան

Երեւանի մէջ աւարտած աւագ տարիքի պատանիներու աշխարհի առաջնութեան հայ բռնցքամարտիկները նուաճած են 10 մետալ: Այս մասին կը հաղորդէ Armsport.am-ը։

Դեկտեմբեր 4-ին՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչները նուաճած են երեքական ոսկի եւ արծաթ մետալ:

Պատուոյ հարթակի առաջին աստիճանին կանգնած են եւ ոսկի մետալով պարգեւատրուած Տիգրան Յովսէփեանը (50 քկ), Արգիշտի Յակոբեանը (66 քկ) եւ Ալպերթ Յարութիւնեանը (75 քկ):

Արծաթէ մետալակիր դարձած են Հեղինէ Պետրոսեանը (48 քկ), Առնօ Դարչինեանը (46 քկ) եւ Անդրանիկ Մարտիրոսեանը (60 քկ):

Նշենք, որ երէկ Հայաստանի հաւաքականի կազմէն պատանեկան ԱԱ-ի յաղթողի կոչման արժանացած էր Վաղարշակ Քէյեանը (48 քկ), իսկ Արէն Խառատեանը (52 քկ) ու Սամուէլ Սիրամարգեանը (70 քկ) դարձած էին արծաթէ մետալակիրներ:

Հայաստանի կազմէն Տիգրան Խաչատրեանը (+80 քկ) նախապէս դարձած է պրոնզէ մետալակիր: