ՎԶԵԴ-ը Բարձրացուցած է Հայաստանի ՀՆԱ Վերաբերեալ Կանխատեսումը

europian bank

Վերակառուցման եւ զարգացման եւրոպական դրամատունը (ՎԶԵԴ) նոր կանխատեսում հրապարակած է Արեւելեան Եւրոպայի եւ Կեդրոնական Ասիոյ տարածաշրջանի տնտեսութեան զարգացման վերաբերեալ: Այս մասին կը հաղորդէ PanArmenian.net-ը:

0,1 տոկոսային կէտով նուազած է ինչպէս 2013-ին տարածաշրջանի տնտեսութեան աճի կանխատեսումը (մինչեւ 3 տոկոս), այնպէս ալ անցեալ տարուան գնահատականը (մինչեւ 2,7 տոկոս):

Առաւել շատ ճշգրտումներու ենթարկուած են Ուքրանիայէն սպասումները: Եթէ նախապէս դրամատունը նախատեսած էր, որ 2013-ի տուեալներով երկրի ՀՆԱ-ն պիտի աճի 2,5 տոկոս, հիմա, սակայն, կ’ակնկալէ աճի քայլեր 1 տոկոսի մակարդակով: Ատիկա միջազգային ելեւմտական կազմակերպութիւններու կողմէ Ուքրանիոյ վերաբերեալ ամենավատ կանխատեսումն է: Տնտեսական աճի առաւել ցած քայլեր կը սպասուին Պոսնիա եւ Հերցեկովինայի, ինչպէս նաեւ Խորուաթիայի մէջ (0.8 տոկոս): Հունգարիոյ եւ Սլովենիոյ մէջ կը կանխատեսուի տնտեսական անկման շարունակութիւն` համապատասխանաբար 0.1 եւ 2 տոկոսով:

Բարդ իրավիճակ կը տիրէ տարածաշրջանի գրեթէ բոլոր երկիրներուն մէջ: Պելառուսիոյ ՀՆԱ աճի վերաբերեալ կանխատեսումը նուազած է 1.1 տոկոսային կէտով` մինչեւ 1.5 տոկոս, Լեհաստանի` 0.7 տոկոսային կէտով (մինչեւ 1,5 տոկոս), Սլովաքիայի` 0,6 (մինչեւ 1,7 տոկոս), Հունգարիոյ` 0,5 (մինչեւ 0.1 տոկոս), Մոլտովայի` 0.5 (մինչեւ 3 տոկոս) եւ Խորուաթիայի` 0,4 (մինչեւ 0,8 տոկոս): Միեւնոյն ժամանակ, Ռուսաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը բարելաւուած է 0,2 տոկոսային կէտով (մինչեւ 3.5 տոկոս), 1 տոկոսային կէտով բարձրացած են Հայաստանի եւ Ատրպէյճանի տնտեսութիւններուն վերաբերեալ սպասումները (համապատասխանաբար 5 տոկոս եւ 4 տոկոս):

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Tags: